ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադադարի հանձնառությունը
29/07/2021
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել, իր ձեւակերպմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների էսկալացիայի վերաբերյալ։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։
Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,- ասված է պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի համար արդեն չկան: