Skip to content Skip to main navigation Skip to footer

Իրան ինչու թշնամի է Թուրքիա- Նախիջևան- Ադրբեջան միջանցքի ձևավորմանը. Ամեն ինչ անում է տապալելու ուղղությամբ

Իրանցիները շահագրգիռ են, որպեսզի չստեղծվի որևէ «միջանցք», որը Թուրքիան Նախիջևանի միջոցով ցամաքով կկապի Ադրբեջանի հետ։ Հետևաբար՝ այս համատեքստում իրանցիները փորձում են իրենց գործիքակազմով խաթարել դրա ստեղծումը։ Այդ մասին nakhchivan.today-ի հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորովին պատահական չէր, որ Իրանի տրանսպորտի նախարարն էլ շատ բարձր ակտիվություն է դրսևորում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ուղղությամբ, և մենք ունենք դրական ազդակներ Վրաստանից։ Ուստի իրանցիները փորձ են կատարում իրենց ունեցած ողջ գործիքակազմի սահմաններում, թե՛ տապալելու այն ծրագրերը, որոնք չեն բխում Իրանի շահերից, չեն բխում նաև Հայաստանի շահերից, թե՛ իրագործելու այն ծրագրերը, որոնք բխում են իրանական շահերից և համընկնում են հայկական շահերի հետ»,- նշել է իրանագետը։
Նրա կարծիքով՝Հայաստան այցի շրջանակներում իրանական կողմն ունի իր օրակարգը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցն ինչ-որ տեղ կարելի է անվանել հանպատրաստից, քանի որ միայն այսօր տեղեկացանք, որ նման այց է սպասվում։ Ակնհայտ է, որ այցի հիմնական օրակարգը վերաբերելու է ոչ միայն երկկողմ՝ հայ-իրանական հարաբերություններին, այլև առհասարակ Հայաստան-Ադրբեջան հարթությունում առկա խնդիրներին։ Կարծում եմ՝ սահմանների սահմանազատման հարցերին անդրադառնալիս հայկական կողմը պետք է առաջնորդվի նաև իրանական կողմի հետ հարաբերությունները կառուցելիս՝ մեր Արտգործնախարարության դիրքորոշմամբ։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց կարող է լինել միայն այն դեպքում, երբ տեղի ունենա Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիա և Արցախի կարգավիճակի հստակեցում։ Հետևաբար՝ այս համատեքստում, եթե հայկական կողմից պետք է օրակարգ առաջարկվի, ապա այս օրակարգը կարող է քննարկվել իրանական կողմի հետ»,- նշել է Վ. Ոսկանյանը։